Բանակի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարությունից։

«Հետաձգվել է, քանի որ երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է, բանակի ղեկավար կազմում եւ հրավիրվածների շարքում կան կորոնավիրուսով վարակվածներ»,- հայտնեցին նախարարությունից։

Միջոցառումը պետք է անցկացվեր «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում։

NEWS.am-ը երեկ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Նա եւ մի շարք պաշտոնյաներ ու պատգամավորներ մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, որտեղ էլ Փաշինյանը կարող էր վարակված լինել:

Ի դեպ, որոշ հրավիրյալներ էլ հրաժարվել են մասնակցել միջոցառմանը։ Երեկ՝ հունվարի 26-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինքը ստացել է միջոցառմանը մասնակցելու ՊՆ հրավերը, սակայն մերժել է այն։

NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 27-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ ինքը միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

«Ստանալու դեպքում էլ, իհարկե, մերժելու էի այն»,- ասաց Նազարյանը։