Ուկրաինայի ՆԳՆ-ն հաստատում է, որ Դնեպր քաղաքի «Յուժմաշ» գործարանի տարածքում ազգային գվարդիայի ծառայողը կրակել է ծառայակիցների վրա, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել է, եւս հինգը վիրավոր է։

«Մահացածների մեջ կա մի կին՝ գործարանի աշխատակիցը։ Երկրորդ կինը՝ ազգային գվարդիայի ծառայողը, վիրավորվել էր։ Ցավոք, բուժօգնության տրամադրման ժամանակ նա մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Զինծառայողը զենքի պահեստից հանել է ինքնաձիգը եւ պարկուճները եւ կրակ բացել ծառայակիցների վրա։ Այդ պահին նրա հետ տարածքում 22 մարդ է գտնվել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում։

Զինվորականը դեռ գտնվում է գործարանի տարածքում, որը շրջափակված է պարեկային ոստիկանության կողմից։

Միջադեպի հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում։