Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. Հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրանով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 1 մլն 719 հազար 200 եվրոյի չափով դրամաշնորհ:

Առաջարկվող ծրագրի գլխավոր նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:

ՏԿԵ նախրար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ծրագրով նախատեսվում է 20 շենքերում էներգախնայողության ծրագրեր իրականացնել, որը կբերի 50 տոկոսով էներգախնայողության, եւ առնվազն տարեկան 3 հազար մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն եւ տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցում:

Ծրագրի հետևյալ նպատակներից են նաեւ Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցությունը, նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճը:

Ծրագրի ժամկետը 2 տարի է: