Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով չեղարկվում է հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում, տեղեկացնում է Kazinform-ը։

Համաձայն պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների գծով կոմիտեի եզրակացության՝ փոփոխություններն ուղղված են այն բանին, որպեսզի ՂԺԱ եւ ԱԽ նախագահի լիազորությունները փոխանցվեն երկրի նախագահին։ Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի) ցմահ իրավունքը՝ գլխավորել այն, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ ղեկավարելու իրավունքը։

Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են հանրապետության Սահմանադրական խորհրդի կազմ Նազարբաեւի մտնելու, ինչպես նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը պահպանող սահմանադրական օրենքների փոփոխությունները եւ լրացումները։

Այժմ այս փոփոխությունը դիտարկվելու է Մաջիլիսի պատգամավորների կողմից եւ, ընդունվելու դեպքում, օրինագիծը կուղարկվի նախագահին՝ ստորագրման համար։