Մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային  ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով, ինչպես ասում են: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ կան նաև ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց և արձանագրեց, որ կան ընկերություններ, որոնց մոտ շատ ավելի մեծ է անկումը:

«Նախարարությունը շատ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: Այստեղ խոսքը նաև այն դեպքերի մասին է, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել և պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան, դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը:

Այնուամենայնիվ մենք հետևում ենք իրադրության զարգացմանը. կապի մեջ ենք ոլորտի ներկայացուցիչների և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին համարում են, որ «օմիկրոն» շտամի նման ագրեսիվ տարածման շրջանում ճիշտ քաղաքականություն է, քանի որ համաճարակը վերահսկողությունից բաց թողնելու դեպքում բացասական հետևանքները շատ ավելի մեծ կլինեն, և՝ ոչ միայն տնտեսության վրա:

Ավելի վաղ «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով, ինչն աղետ է:

Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան