Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Ավելի վաղ NEWS.am- ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ասել էր. «Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»։ 

Նշենք, որ հունվարի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։

Այսօր՝ հունվարի 27–ին, 1lurer.am-ը հաղորդել է, որ  հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: