Վերջին 10 հազար տարում ընտանի կատուների ուղեղը փոքրացել է ընտանի դառնալու պրոցեսում, պարզել են Վիեննայի համալսարանի գիտնականները Շոտլանդիայի Ազգային թանգարանի մասնագետների օգնությամբ։ Իրենց եզրահանգումները նրանք ներկայացրել են Royal Society Open Science ամսագրի հոդվածում։

Հետազոտողները համեմատել են 19 Felis lybica տափաստանային կատուների, որոնցից մոտ 10 հազար տարի առաջ առաջացել են ժամանակակից ընտանի կատուները, 20 Felis silvestris վայրի անտառային կատուների եւ 28 սովորական ընտանի կատուների գանգերը, ինչպես նաեւ անտառային եւ ընտանի 36 մետիս կատուների գանգերը։

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ ընտանի կատուներն իսկապես գանգի ավելի փոքր չափ ունեն եւ, հետեւաբար, ավելի փոքր ուղեղ ինչպես եվրոպական վայրի, այնպես էլ ընտանի կատուների վայրի նախնիների, աֆրիկյան վայրի կատուների համեմատ, ինչը հաստատում են ավելի վաղ արդյունքները»,- գրում են հետազոտողները։

Մետիսների ուղեղը, ելնելով դրանց գանգի չափերից, ավելի մեծ էր, քան ընտանի կատուներինը, բայց ավելի փոքր, քան վայրի կատուներինը։

Ընտանի դառնալու պրոցեսում բնական ընտրության կարեւոր գործոն էր կատվին ընտելացնելու հնարավորությունը, ինչը հանգեցրել է նյարդային կատարների բջիջների (դյուրագրգռության եւ վախի հետ կապված) ցածր քանակություն ունեցող մեծ թվով կատուների առաջացմանը, կարծում են հետազոտողները։ Դա, իր հերթին, կարող էր հանգեցնել սթրեսին արձագանքելու, ուղեղի չափերի եւ, ընդհանրապես, մարմնի կառուցվածքի փոփոխությունների։

Ուղեղի փոքրացման միտումը ընտանի դառնալու պրոցեսում նկատվում է նաեւ շների, ոչխարների, ճագարների մոտ։ Անհրաժեշտ է հավաքել տվյալներ կենդանիների ավելի մեծ քանակության մասին՝ հասկանալու համար, թե հատկապես ինչ է տեղի ունենում ուղեղի հետ եւ նրա որ հատվածներն են փոփոխվում։ Բացի այդ,  կարեւոր է օգտագործել ոչ միայն ժամանակակից, տեսակով մոտ կենդանիների գանգերը, այլեւ տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրած կենդանիների մնացորդներինը։