Նիկոլ Փաշինյանը տարեմուտի իր ուղերձում Արցախի մասին կարելի է ասել, ոչ մի բան չի խոսել. խոսել է 30 վայրկյան եւ շեշտել է, որ միլիարդավոր դրամների աջակցություն տվել արցախցիներին, այսինքն 2021-ին տվել է 28 մլրդ դրամի աջակցություն, եւ 2022-ին տրվելու է 1440 մլրդ դրամի աջակցություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներից մեկը:

Նա հիշեցրեց, որ օրերս Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ. «Արցախի նախագահն ասել է, որ 300 բնակարան է հանձնել շահառուներին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ Արցախում հանձնել են 108 բնակարան, եւ այդ բնակարանները դեռեւս 2018-ին են սկսել սարքել:

Այսօր էլ որոշել են, որ տեղահանվածներին պետք է 20 հազար դրամ աջակցություն տան: Մեզ համար այս մեկ տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, ոնց եղել ենք անտուն, այդպես էլ մնացել ենք անտուն, ո՞րն է պատճառը, որ անցած տրվա հունվարից նորմալ աջակցություն են տվել՝ 300 հազար, 68 հազար, 30-հազարական դրամ: Հետո Այսօր այդ գումարը հասել է 20 հազար դրամի, էն էլ երկու ամիս: Այս ձմռանը ժողովուրդը ո՞նց յոլա գնան այդ 20 հազար դրամով, երբ մարդիկ աշխատում են վարձով: Մարդիկ հայտնվել են անելանելի դրության մեջ: Ես օրինակ, 130 հազար դրամ վարձ եմ վճարում, ապրում եմ Քանաքեռ Զեյթունում»,-ասաց արցախցին՝ հավելելով, որ եկածների հիմնական մասը բնակվում է մարզերում, 17 հազարը՝ մարզերում, 4 հազար՝ Երեւանում:

Հարցին, թե ինչու չեն վերադառնում Արցախ, նա պատասխանեց, որ իր հայրենիքը Հադրությն է, ո՞նց վերադառնա, եթե Հադրութն օկուպացված է: Նա նաեւ նշեց, որ Արցախում տեղ էլ չկա ապրելու. «Մարդկանց ռաժոկով տեղավորել են: Եթե Արցախում զանգվածային շինարարություն է գնում, աշխատանք կա, բայց եթե բնակվելու տեղ չկա, որտե՞ղ գնանք»: