Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։

Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում: