Չնայած թանկացումներին՝ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։ Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա վստահ է, որ գործընթացները պետք է դիտարկել ոչ թե ֆրագմենտար, այլ՝ ամբողջ վիճակագրությունը: Նախարարն ասաց, որ առաջին 11 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության իրական ցուցանիշը  5.2 տոկոս է կազմել:

Ըստ նրա՝ կտրուկ թանկացել են հացահատիկը, պարարտանյութը, դիզվառելիքը, իսկ կառավարության ձեռնարկած միջոցները բավարար չեն։ «Այս հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ գնաճի վրա։ Մենք բանակցում ենք մի քանի երկրների հետ (Ռուսաստան, Իրան, Կատար), որպեսզի հասկանանք, թե ինչպես աջակցել ֆերմերներին։ Տեղական արտադրողները գերշահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, եւ չեն էլ կարող։ Մենք դրան հետեւում ենք»,- վստահեցրեց Քերոբյանը։