Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը վտանգ են ներկայացնում Դոնբասի կարեւոր արդյունաբերական եւ սոցիալական կարեւորության օբյեկտների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն։

Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով մարտական ​​ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։

«Ինչ վերաբերում է թուրքական անօդաչու թռչող սարքերին, մենք կրկին ենթադրում ենք, որ դրանք հիմնական վտանգը ներկայացնում են առանցքային արդյունաբերական եւ սոցիալական նշանակության օբյեկտների համար, քանի որ դրանց լայնածավալ օգտագործման համար շատ քիչ նմուշներ կան, թեեւս՝ պաշտոնապես Ուկրաինային փխանցվածների դեպքում»,- ասել է Լեշչենկոն:

Հիշեցնենք, որ Կիեւն առաջին անգամ Թուրքիայից Bayraktar-ներ էր գնել 2019 թվականին։ 2021 թվականի նոյեմբերի 12-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 2022 թվականին Թուրքիայից Bayraktar-ների նոր խմբաքանակ է գնելու:

2021 թվականի հոկտեմբերի 26-ին ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործեցին թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքը, որը, ըստ ուկրաինական կողմի, հրթիռային հարվածով ոչնչացրեց թշնամու հրետանային զենքը։

Ուկրաինայի զինված ուժերի «Վոստոկ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր «անջատողականների» գնդակոծության հետեւանքով մեկ զոհված եւ մեկ վիրավոր ուկրաինացի զինծառայողի մասին։ Հավանաբար, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը պատասխան հարված էր։ Ինքնահռչակ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում ուկրաինական բանակին մեղադրեցին առաջնագծից առաջ անցնելու փորձի մեջ:

2021 թվականի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարման թեման, ասել էր, որ մտավախությունները հաստատվել են, մատակարարումը կարող է բացասական հետեւանքների եւ ապակայունացման հանգեցնել:

Հատկանշական է, որ անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցողի ֆոնին Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենադժվար տարաձայնությունների դեպքում երկխոսել եւ խաղաղ կարգավորման հասնել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով դեռ 2018 թվականին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին սիրելի ընկեր էր անվանել, արդեն 2020 թվականի դեկտեմբերին Էրդողանին բնութագրեց հետեւյալ խոսքերով. «Մենք երբեմն տարաձայնություններ ենք ունենում նախագահ Էրդողանի հետ։ Գուցե երբեմն՝ նույնիսկ հակադիր տեսակետներ: Բայց դա այն մարդն է, ով պահում է իր խոսքը։ Նա պոչ չի խաղացնում: Եթե ​​համարում է, որ դա ձեռնտու է իր երկրին, գնում է մինչեւ վերջ։ Եվ դա կանխատեսելիության այդպիսի տարր է, դա շատ կարեւոր է»։