Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ իրեն «վիրավորած» լրագրող Սեդեֆ Քաբաշի «հանցանքն» անպատիժ չի մնա։ Լրագրողը ձերբակալվել է անցյալ շաբաթ։ 

«Թուրքիայի վարչական կենտրոնն ախոռի հետ համեմատելը վիրավորանք է մեր սիրելի ժողովրդի համար»,- ասել է Էրդողանը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սա ոչ մի ընդհանրություն չունի խոսքի ազատության հետ»,-հավելել է նա։ 

Էրդողանի խոսքով՝ «նախագահին վիրավորելը ցանկացած երկրում հանցագործություն է, եւ օրենքը ինչ կպահանջի, այն էլ կկատարվի»։

Քաբաշը ձերբակալվել է Ստամբուլի իր տանը՝ շաբաթ օրը գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանների ռեյդի ժամանակ:

«Ասում են, որ թագի հետ գալիս է իմաստությունը, բայց մենք տեսնում ենք, որ դա ճիշտ չէ։ Մեկ այլ ասացվածք էլ կա, ես այն մի փոքր կփոխեմ․ երբ ցուլն ապրում է պալատում, նա չի դառնում թագավոր, այլ պալատն է դառնում ախոռ»,- ասել էր Քաբաշը TELE1-ի եթերում։

«Առաջին հերթին, վիրավորանքն այստեղ ոչ թե իմ, այլ գրասենյակի նկատմամբ է, որը ես ներկայացնում եմ»,- ասել է Էրդողանը։ «Մենք պարտավոր ենք պաշտպանել նախագահի արժանապատվությունը եւ ժողովրդի կամքը։ Իմ դիրքորոշումն է դա պահանջում»,- հավելել է նա։

299-րդ հոդվածով հետաքննություններն ու դատավճիռները կտրուկ աճել են 2014 թվականին Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո: Արդարադատության նախարարության տվյալների վրա հիմնված զեկույցի համաձայն՝ 2010 թվականից ի վեր դատական ​​հայցերի թիվն աճել է 9000 տոկոսով։

«Որպես այս երկրի նախագահ՝ ես թույլ չեմ տա վիրավորել մեր ժողովրդին, նրա կրոնական արժեքներին՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է Էրդողանը` պատասխանելով թուրք փոփ աստղ Սեզեն Աքսուի վերաբերյալ իր առանձին հայտարարությունների մասին հարցին։

Ուրբաթ օրը Էրդողանը քննադատել է Աքսուին՝ 2017 թվականի երգում Ադամին ու Եվային վիրավորելու համար։

«Ոչ ոք չի կարող վիրավորել մարգարեին՝ Ադամին։ Եթե ​​ինչ-որ մեկը դա անում է, մենք պետք է փոկենք նրա լեզուն: Ոչ ոք իրավունք չունի հարձակվել Եվայի վրա։ Եթե ​​ինչ-որ մեկը դա անի, մենք պետք է նրան ցույց տանք սահմանները»,- ասել է Էրդողանը: