Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հնարավոր է՝ Հայաստանի ԱԳ նախարարը եւ բանագնացը այցելեն Անթալիա։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր էր ուղարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով երկրի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ հնարավոր է, որ մեր հրավիրած անձիք այցլեն Անթալիա»,- ասել է Չավուշօղլուն, հայտնում է Anadolu-ն։

«Դա ողջունելի կլիներ, քանի որ Ադրբեջանը եւս մասնակցելու է։ Թող Ադրբեջանն ու Հայաստանը հայտնեն իրենց կարծիքը, եւ դա կարող է լինել վստահության ամրապնդման միջոցների մի մաս»,- հավելել է նա։  

Թուրք նախարարն անդրադարձել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին՝ ասելով, որ այս ուղղությամբ քայլերը կորոշեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչները։ Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսության օգտին։