Թեհրանի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական ​​մակարդակի հասած լուրջ սրացումից հետո այժմ, թերեւս՝ դիվանագիտական ​​մակարդակով, այն նորմատիվ դաշտ տեղափոխելու փորձեր են նկատվում։ Թեհրանը չի կարող ամբողջությամբ անտեսել իրանական Ադրբեջանում հարաբերությունների սրման հետ կապված տրամադրություններն ու ապրումները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը։

«Մյուս կողմից, Թուրքիայի եւ Իսրայելի հետ Ադրբեջանի որակական մերձեցումը բավական լուրջ լարվածություն է առաջացնում Իրանում։ Բաքվի վերնախավն էլ իր հերթին հասկանում է, որ թուրքական գրկում խեղդամահ լինելը գեղեցիկ մահ է, բայց, այնուամենայնիվ՝ անցանկալի։ Իրանցի պաշտոնյաների հետ շփումների ակտիվացումը կապված է Բաքվի՝ իր ինքնիշխանությունը, մասամբ անկախությունը ցույց տալու ցանկության հետ։ Առայժմ դա տեղի է ունենում դիվանագիտական ​​մակարդակում՝ միմյանց նկատմամբ հսկայական անվստահությամբ, ընդհանուր մշակույթի, ընդհանուր շիական դավանանքի մասին բոլոր հայտարարություններով եւ այլն։ Ներկայիս շփումները կապված են հեռանկարում միմյանց ճանաչելու փորձի հետ»,- ասաց նա։

Իրանի ղեկավարությունը, ըստ փորձագետի, անհանգստությամբ է հետեւում Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի հզորացման հեռանկարին՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առաջատար գործակալներից մեկը, ինչպես նաեւ մի շարք հարցերում Իսրայելի գործընկեր:

«Ուստի Թեհրանը ցանկացած ճանապարհ կփնտրի Անդրկովկասում թուրքական ազդեցության հեռանկարը նվազագույնի հասցնելու համար։ Ինչ ճանապարհներով այն կանի դա, ինչ միջոցներով, ինչ օպերատիվ ձեւ եւ մարտավարություն կկիրառի՝ այս ամենը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել եւ քողարկել շատ տարբեր հռետորաբանություններով»,- ընդգծեց Գեւորգյանը։