ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այլևս կայացած իրողություն է, որքան էլ օրենքի տեսակետից դեռ գործում է յոթօրյա ժամկետում դիմումը հետ վերցնելու հնարավորությունը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

«Արմեն Սարգսյանն իր վարքագծով ու գործելակերպով եղել է լիդերին ոչ բնորոշ որակներ ունեցող անձնավորություն: Դրա անմիջական վկայությունն էր 2018 թվականի դրոշափոխությունն ու ամբողջովին վարչապետի ուղիղ ազդեցության տակ գործունեություն ծավալելը: Զբաղեցնելով երկրի բարձրագույն պետական պաշտոնը, ունենալով հեղինակություն, միջազգային կապեր` Արմեն Սարգսյանը դրանք ի նպաստ Հայաստանի օգտագործելու փոխարեն հանդուրժեց քաղաքական իշխանությունների կողմից մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում վարած սխալ քաղաքականությունը, վարչական ռեսուրսների օգտագործումը համապետական ու ՏԻՄ ընտրություններում, դատարանների, մամուլի  նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական այլախոհներին քրեական հետապնդումների անհիմն ենթարկելը, Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելը:

Արդյունքում ունենք երկրում մեկ անձի դիկտատուրայի հաստատման հետևողական փորձեր: Նախագահը նման վարքագիծ կարող էր դրսևորել, եթե ընդհանրապես չունի լիդերին բնորոշ կամային հատկանիշներ կամ նրա անձի վերաբերյալ առկա են կոմպրոմատներ: Տվյալ դեպքում նման հիմք կարող է հանդիսանալ  այլ երկրի քաղաքացի լինելը, ինչը նախագահի պարագայում քրեական պատասխանատվության է հանգեցնում:

Գտնում ենք` դատախազությունը վերջնարդյունքում պիտի հանրայնացնի այդ փաստի առթիվ կատարված քննության տվյալները, որպեսզի հանրությունը հստակ տեղեկանա` պաշտոնը ստանձնելիս նախագահը եղե՞լ է այլ պետության քաղաքացի, նա ու նրան իշխանության բերող ուժերը խաբե՞լ են ժողովրդին, թե` ոչ: Այլապես ոչինչ չասող, կցկտուր տեղեկությունների տարածումը  չի վերացնի նրա նկատմամբ խաբեության մասին ողջամիտ կասկածը:

Ի դեպ` սա Արմեն Սարգսյանի երկրորդ հրաժարականն է զբաղեցրած բարձր պաշտոններից, երկու անգամ էլ նա այդ բանն անում է անսպասելիորեն ու․․․ Լոնդոնից:

Նկատենք նաև, որ Արմեն Սարգսյանը երկար տարիներ շահարկել է անվանի հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների ընտանիքին մերձ լինելու, համարյա թե նրանց տանը մեծացած, դաստիարակված լինելու թեման։  Անհավատալի է, որ Վարդանյանների նման մարդկանց ազդեցությունը կրած անձն այսպիսի անտարբեր, անպատասխանատու, իներտ վարքագիծ դրսևորեր սեփական հայրենիքի նկատմամբ»,-նշված է հայտարարությունում: