Ակնկալվում է, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

NTV մասնավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ իր իսրայելցի գործընկերը երկիր կայցելի փետրվարի առաջին կեսին։ «Այս այցով Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում կարող է սկսվել նոր դարաշրջան»,- ասել է նա։ 

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կապերը թուլացել էին Էրդողանի օրոք, ով քննադատում է Իսրայելի քաղաքականությունը:

Երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին 2010 թվականին այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը ներխուժել են Գազա մեկնող նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում պաղեստինցիներին, որոնք կոտրել էին Իսրայելի շրջափակումը: Միջադեպի հետեւանքով սպանվել է ինը թուրք ակտիվիստ։

Հարաբերությունները կրկին վատթարացել են 2018-ին այն բանից հետո, երբ Թուրքիան, որին զայրացրել էր ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմից, կրկին հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից՝ ստիպելով Իսրայելին հետ կանչել նաեւ իր դեսպանորդին:

Մերձեցման քայլերը ձեռնարկվում են այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է վերջ դնել իր միջազգային մեկուսացմանը` կարգավորելով իր խնդրային հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի հետ:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ փետրվարի 14-ին կայցելի ԱՄԷ։