Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է իր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ուսումնասիրել նոր բլոքչեյն տեխնոլոգիան եւ, մասնավորապես, մետատիեզերքը, գրում է Crypto briefing-ը։

Էրդողանն ասել է, որ ուսումնասիրությունը պետք է ընդգրկի նաեւ այլ առանցքային հարցեր, ինչպիսիք են կրիպտոարժույթները եւ սոցիալական մեդիան, եւ առաջարկել է կազմակերպել առցանց ֆորում, որին ինքը նույնպես կմասնակցի: 

Ինչ վերաբերում է մետատիեզերքին, նա պաշտոնյաներին ասել է, որ դա «շատ զգայուն հարց է եւ պետք է ուշադիր ուսումնասիրվի»:

Կուսակցության տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ներկայացուցիչ Օմեր Իլերին հայտարարել է, որ «քանի որ բլոքչեյն տեխնոլոգիան հնարավոր է դարձրել թվային սեփականությունը, Թուրքիան արագացրել է մետատիեզերքի վրա աշխատանքը»: Նա նաեւ նշել է, որ կուսակցությունը «ցանկանում է ճանապարհ հարթել մետատիեզերքի էկոհամակարգի համար»:

Մետատիեզերքն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում Թուրքիայում: Ստամբուլի ավելի քան 11 000 վիրտուալ հողեր վերջերս վաճառվել են OVR-ի միջոցով, որի նպատակն է միացնել ֆիզիկական եւ վիրտուալ աշխարհները հավելյալ իրականության միջոցով:

Միաժամանակ, Էրդողանը հայտնի է կրիպտոարժույթների նկատմամբ իր ամուր դիրքորոշմամբ։ Անցյալ տարի նա «պատերազմ» հայտարարեց կրիպտոարժույթներին՝ հայտարարելով. «Մենք բացարձակ մտադրություն չունենք կրիպտոարժույթներ օգտագործելու»։