Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Գերմանիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

«Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ եւ կայուն խաղաղ կարգավորման հասնելու օգտին»,- ասաց դեսպանը։

Վիկտոր Ռիխտերը հիշեցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։

Նշենք, որ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ համանախագահների ձեւաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ։

 Արամ Դանիելյան