Տաջիկստանի երեք զինծառայողներ վիրավորվել են սահմանին տեղի ունեցած հակամարտության ժամանակ, հայտնում է «Sputnik Տաջիկստանը»։ Տաջիկստանցի սահմանապահները Ղրղըզստանի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ են վիրավորվել։ Նշվում է, որ նրանց տեղափոխել են Իսֆան քաղաքի կենտրոնական կլինիկա։

Հակամարտության գոտում զորանոցային դրություն է հայտարարվել։ Անվտանգության, բանակի ու ՆԳՆ ուժեր են ուղարկվել այնտեղ՝ էսկալացիան դադարեցնելու համար։

Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը պետական սահմանի ղրղըզա-տաջիկական հատվածում իրավիճակը լարված է անվանել։

Նշվում է, որ երկու երկրների սահմանային ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդյունքներով ժամը 19։30-ին Բատկեն-Իսֆան ճանապարհի Տորտ-Կոչո հատվածը վերաբացվել է երթեւեկության համար։ Մի քանի րոպե անց իրավիճակը սրվել է՝ տաջիկական կողմը զենք է կիրառել եւ կրակ բացել ղրղըզական սահմանային ստորաբաժանումների ուղղությամբ՝ Բատկենի շրջանի Չիր-Դոբո տեղանքում։ «Երկու երկրների սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ հիմնական փոխհրաձգությունը տեղի է ունենում Տորտ-Կոչոյի եւ Չիր-Դոբոյի տարածքներում։ Տաջիկական կողմը ականանետեր եւ նռնականետեր է օգտագործում», - հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է 24.kg-ը։

Հակամարտության վայրին ամենամոտ գյուղերի բնակիչները լքում են իրենց տները, հայտնել են տեղացիները։ Նրանց խոսքով՝ Տորտ-Կոչո տեղանքում կրակոցները շարունակվում են։ «Հրաձգությունը չի դադարել։ Մենք այդ տեղից հեռու ենք։ Մութ է, առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ամեն ինչ հանկարծ տեղի ունեցավ։ Երեխաներին ու կանանց սկսել են տարհանել»,- պատմել են տեղի բնակիչները։