ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տաջիկական եւ ղրղըզական կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին։

Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդայի եւ Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ հեռախոսազրույցների ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սահմանին կողմերի միջեւ անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել։

«Լուրջ մտահոգություն են առաջացնում սահմանին վերսկսված ռազմական բախումները, որոնց հետեւանքով վիրավորներ կան։ Տաջիկա-ղրղըզական սահմանին զինված դիմակայությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծել բացառապես բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով։ Դրա համար ՀԱՊԿ-ը պատրաստ է Ղրղըզստանին ու Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրների ղեկավարությունը փոխադարձ ընդունելի ուղիներ կգտնի, որպեսզի կարգավորի սահմանային այս բարդ խնդիրը»,- ասել է Զասը։