Գազօջախները մեթանի մշտական մանր արտահոսքի պատճառով ավելի մեծ ներդրում ունեն գլոբալ տաքացման մեջ, քան նախկինում համարվում էր, հայտնում է AP-ը:

Նոր հետազոտությունը, որը ստուգել է տներում գազօջախների շուրջ արտանետումները, չափված ազոտի օքսիդների մակարդակի հետ կապված՝ նոր մտահոգություններ է առաջացրել ներսում օդի որակի եւ առողջության վերաբերյալ:

Կալիֆոռնիայի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն աշխատում, ամերիկյան գազօջախներն ամեն տարի օդ են արտանետում 2,6 միլիոն տոննա (2,4 մետրիկ տոննա) մեթան՝ ածխածնի երկօքսիդի համարժեքով:

Դա համարժեք է 500 000 ավտոմեքենաների ջերմոցային գազերի տարեկան քանակին, կամ նրան, ինչ ԱՄՆ-ն օդ է արտանետում երեքուկես ժամը մեկ:

«Նրանք անընդհատ փոքր քանակությամբ մեթան են արտանետում մթնոլորտ»,- ասել է հետազոտության համահեղինակ, Սթենֆորդի համալսարանի կլիմայագետ Ռոբ Ջեքսոնը:

Այս մեթանը գերազանցում է 6,8 միլիոն տոննա (6,2 միլիոն մետրիկ տոննա) ածխաթթու գազը, որը գազօջախներն օդ են արտանետում, երբ դրանք օգտագործվում են, եւ գազն այրվում է, ասվում է հետազոտության մեջ: Մեթանը ջերմոցային գազ է, որը տասնյակ անգամ ավելի հզոր է ածխաթթու գազից, բայց այդքան երկար չի մնում մթնոլորտում եւ այն այդքան էլ շատ չէ օդում:

Հետազոտողները Կալիֆոռնիայում ուսումնասիրել են 53 տնային խոհանոցներ: Նրանք սենյակների մեծ մասը փակել են պլաստմասե բրեզենտներով, իսկ հետո չափել են արտանետումները, երբ գազօջախներն աշխատելիս են եղել ու երբ աշխատելիս չեն եղել։ Եւ զարմանալին այն է, որ մեթանի արտանետման երեք քառորդը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գազօջախներն անջատված են եղել, ասել է Ջեքսոնը: Ըստ նրա՝ դրանք արտանետումներ են, որոնք կառավարությունը հաշվի չի առնում։