Կառավարական տեղեկատվության չափից շատ գաղտնիությունը վնասում է ազգային անվտանգությանը: Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը երկու սենատորներին նամակում ասել է, թե համակարգը, որը հսկայական քանակությամբ տեղեկատվություն է սահմանում որպես «գաղտնի» կամ «հույժ գաղտնի», «հիմնարար կարեւորության խնդիր» է, որն ակտիվ բարեփոխումների կարիք ունի:

«Կարծում եմ, որ ներկայիս դասակարգման համակարգի թերությունները խաթարում են մեր ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական կարեւոր նպատակները»,- գրել է նա սենատորներ Ռոն Ուայդենին եւ Ջերի Մորանին ուղղված նամակում:

Նրա խոսքով՝ չափազանց մեծ գաղտնիությունը խոչընդոտում է դաշնակից արտաքին հետախուզության գործընկերների, հիմնական օրենսդիրների եւ հանրության հետ կենսական տեղեկատվությունը կիսելու հնարավորությանը: «Դա նվազեցնում է բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից որոշումների կայացմանը արդյունավետորեն աջակցելու հետախուզական հանրության կարողությունը եւ ավելի է խաթարում մեր քաղաքացիների հիմնական վստահությունը կառավարության հանդեպ»,- հավելել է նա:

Հեյնսի մեկնաբանությունները հնչել են ի պատասխան Ուայդենի եւ Մորանի ճնշմանը հետախուզական համայնքի վրա, որը ներառում է հարյուր հազարավոր պետական պաշտոնյաների եւ մասնավոր կապալառուների։

Նրանք համակարգը անվանել են «հնացած»՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ փաստաթղթերի եւ տեղեկատվության հսկայական ծավալների ստեղծման լույսի ներքո:

Դասակարգման փորձագետներն ասում են, որ փաստաթուղթը կամ ուսումնասիրությունը որպես «գաղտնի» նշելը շատ գործակալությունների լռելյայն ընտրությունն է, քանի որ դա ավելի հեշտ եւ անվտանգ է, քան այն հրապարակելը:

Պաշտոնյաները եւ քաղաքական առաջնորդները նաեւ պարբերաբար որպես «գաղտնի» են դասակարգում այն տեղեկությունները, որոնք կարող են ամոթալի լինել, ասում են փորձագետները:

«Վաշինգտոնի անվերահսկելի դասակարգման համակարգը երկար ժամանակ խանգարել է հանրությանն ըմբռնել կառավարության գործողությունները եւ սխալ քաղաքականությունը պատասխանատվության ենթարկելու ջանքերը»,- գրել է Բրենանի կենտրոնի դասակարգման համակարգի փորձագետ Էլիզաբեթ Գոյթեյնը:

Վերջին ցայտուն օրինակը ԱՄՆ-ի պատերազմի վերջին տարիներին Աֆղանստանի վերաբերյալ կառավարության զեկույցների դասակարգումն է: Եթե զեկույցները հրապարակվեին, դրանք կարող էին ցույց տալ, թե որքան շատ է վատացել իրավիճակը, եւ ԱՄՆ քաղաքականության ձախողումները, որոնք նպաստել են դրան: Երբ հաջողությունը հնարավոր չի եղել ցուցադրել, «նրանք գաղտնիացրել են գնահատման գործիքը»,- ասել է Աֆղանստանի վերակառուցման հարցերով հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն:

Հենց այդպես կառավարությունը շարունակում է գաղտնի պահել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված փաստաթղթերը:

Նման գաղտնիությունը, փորձագետների կարծիքով, նպաստում է կառավարության նկատմամբ անվստահությանն ու դավադրության տեսությունների առաջացմանը։

Սակայն պետական պաշտոնյաներն ասում են, որ չեն կարող բավարարել գաղտնազերծման պահանջները: «Շատ գործակալություններ դժվարանում են հաղթահարել գաղտնազերծման ենթակա տեղեկատվության ծավալը»,- 2020 թվականի սեպտեմբերին Կոնգրեսում չափից շատ գաղտնիության մասին լսումների ժամանակ հայտարարել է հետախուզության աշխատակիցը: