Հանդիպումները նպաստեցին, որպեսզի շարունակենք այն առարկայական քննարկումները, որոնք երկու երկրների ղեկավարները անցկացրել էին նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Արեւելյան գործընկերության համաժողովի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպումների ընթացքում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով հունվարի 20-21-ը ԵՄ պատվիրակության՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի արդյունքները։

Տոյվո Կլաարի հետ Երեւան եւ Բաքու էին այցելել նաեւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Իզաբել Դյումոնտը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդական Մագդալենա Գրոնոն եւ Ֆրանսիայի արտգործնախարարության Արեւելյան գործընկերության գծով դեսպան Բրայս Ռոքֆոյը։

Կլաարը շեշտել է, որ այցը եզակի ձեւաչափ ուներ, ինչը պատվիրակությանը թույլ տվեց առարկայական քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլոց հետ։

«Նպատակն էր խորացնել մեր ներգրավվածությունը մի շարք ուղղություններով եւ հստակեցնել ԵՄ հետագա ներգրավվածության հնարավորություններն այնպիսի հարցերում, ինչպիսիք են լարվածության թուլացումը, սահմանային հետագա բախումներից խուսափելու տարբերակների ստեղծումը, սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը՝ այդ թվում պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրի հստակեցումը, ականազերծման ուղղությամբ աշխատանքները, շեշտվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցային ենթակառուցվածքների վերականգնման կարեւրությունը՝ լիարժեք հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը։

Բոլոր այս հարցերում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշակի ժամանակ արդեն ակտիվորեն ներգրավված է։ Որոշակի պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել՝ այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ ուղիղ կապի ստեղծումը, որը բավական բարձր է գնահատվում, ինչպես նաեւ՝ 2021թ․ դեկտեմբերի 19-ին ԵՄ միջնորդությամբ Բաքվից 10 հայ պահվող անձանց փոխանցումը Երեւանին։

Բացի այդ, երկրների ղեկավարությունների հետ շարունակել ենք քննարկումները նախագահ Միշելի առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ականազերծման աշխատանքներին հավելյալ աջակցություն ցուցաբերելուն, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու միջոցով, ինչպես նաեւ` սահմանին լարվածությունը թուլացնելուն, սահմանազատման եւ սահմանագծման շուրջ քննարկումներին Եվրամիության քաղաքական ու գործնական աջակցության տրամադրմանը։ Այս բոլոր հարցերի շուրջ դրական բանակցություններ ենք ունեցել Բաքվում եւ Երեւանում։ Մենք շարունակելու ենք մեր էական ներգրավվածությունն այս ոլորտներում Հայաստանի եւ Ադրբեջանի մեր գործընկերների հետ»,- հայտնեց Կլաարը։