Տաջիկստանը հայտնել է Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով խաղաղ բնակիչների եւ սահմանապահների շրջանում զոհերի մասին։

Տաջիկստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի հաղորդմամբ, «Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիների նման անօրինական գործողությունները կանխելու նպատակով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետության Սուղդիի շրջանի Իսֆարա քաղաքի իշխանության տեղական մարմինների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մակարդակով հանդիպում»։

«Սակայն ղրղըզական կողմը չի եկել հանդիպման։ Փոխարենը տեղական ժամանակով մոտ 18:10-ին ղրղըզ սահմանապահները, ովքեր կրակային դիրքեր են զբաղեցրել կամրջի շրջագծի երկայնքով (275 մետր), հրազենից կրակ են բացել Տաջիկստանի խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ղրղըզստանի Հանրապետությունից կրակի ինտենսիվությունը արագ թափ է հավաքում։ Տաջիկստանի Հանրապետության խաղաղ բնակիչների եւ սահմանապահների շրջանում զոհեր կան։

Բատկենի շրջանի սահմանամերձ տարածքներ են տեղափոխվում առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ, ինչպես նաեւ ռազմական տեխնիկա։

Այս պահին Ղրղըզստանի կողմից Տաջիկստանի ուղղությամբ ինտենսիվ գնդակոծվում են տեղի բնակիչները, մեքենաները եւ տարբեր ենթակառուցվածքային օբյեկտները։ Սահմանային դիրքերը ականանետերից են գնդակոծվում։

«Գրանցվել են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ, որոնք խախտել են Տաջիկստանի օդային տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Khovar-ը։

Ներկայումս ղրղըզական կողմն իր անօրինական գործողությունները թաքցնելու նպատակով լրատվամիջոցներում եւ ինտերնետային տարբեր ռեսուրսներում ակտիվորեն կեղծ եւ սուտ տեղեկություններ է տարածում։