Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները հրադադարի եւ սահմանամերձ կոնֆլիկտի գոտի նետված լրացուցիչ ուժերը հանելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը։

«Ձեռք են բերվել լիակատար հրադադարի, իրենց մշտական տեղակայման վայրեր կողմերից յուրաքանչյուրի լրացուցիչ ուժերի հետքաշման, Բաթքեն-Ասֆան ավտոճանապարհի բացման, Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանամերձ շրջաններում՝ կոնֆլիկտների բացառման նպատակով, իրավապահ մարմինների աշխատակիցների համատեղ պարեկման պայմանավորվածություններ»,- ասվում է հաղորդագրությունում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Սահմանապահ ծառայության տվյալներով՝  երկու երկրների պատվիրակությունները հանդիպման ընթացքում նաեւ այցելել են Թուրտ-Քոչո, որտեղ հինգշաբթի սկսվել էր հակամարտությունը երկու պետությունների զինծառայողների միջեւ։

Հինգշաբթի տաջիկա-ղրղզական սահմանի տեղամասերից մեկում տեղի է ունեցել բախում երկու երկրների ներկայացուցիչների միջեւ։ Ղրղզական կողմը տաջիկական կողմին մեղադրել է զենք, այդ թվում՝ ականանետեր եւ նռնականետեր կիրառելու մեջ, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ ծանր տեխնիկա է գալիս սահմանի մոտ հարեւան հանրապետության կողմից։ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն տեղեկացրել է ղրղզական կողմից հրաձգության, ականանանետերի եւ անօդաչուների կիրառման, ինչպես նաեւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։