Չինաստանը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կամրապնդի իր տիեզերական կառավարումը, որպեսզի ավելի լավ պաշտպանի իր ակտիվներն ու շահերը, այդ թվում՝ Երկրին մոտեցող օբյեկտների պաշտպանության համակարգ կառուցելու ծրագրերը եւ համագործակցությունն այլ երկրների հետ:

Չինաստանի կառավարության կողմից հրապարակված Սպիտակ գրքի համաձայն՝ Չինաստանը նաեւ կուժեղացնի տիեզերական երթեւեկության վերահսկողությունը, կբարելավի տիեզերական աղբի մոնիտորինգի իր համակարգը եւ  տիեզերական կլիմայի մոնիտորինգի ինտեգրված համակարգ  կկառուցի:

Միեւնույն ժամանակ, Չինաստանը կձգտի ակտիվորեն մասնակցել ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային տիեզերական կանոնակարգերի մշակմանը եւ աշխատել այլ երկրների հետ՝ արտաքին տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունության հետ կապված խնդիրները լուծելու համար:

«Չինաստանն ակտիվորեն կմասնակցի միջազգային հարցերի քննարկումներին եւ համապատասխան մեխանիզմների մշակմանը, ինչպիսիք են տիեզերական միջավայրի կառավարումը, մերձերկրյա օբյեկտների դիտարկումը եւ արձագանքումը, մոլորակների պաշտպանությունը, տիեզերական երթեւեկության կառավարումը եւ տիեզերական ռեսուրսների զարգացումն ու օգտագործումը»,- ասվում է պաշտոնական փաստաթղթում։
Երկր ներսում Չինաստանը կարագացնի տիեզերքի մասին ազգային օրենքի մշակումը եւ օրենքի վրա հիմնված իրավական համակարգ  կստեղծի՝ տիեզերական արդյունաբերության օրինական կառավարումը խթանելու համար: