Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերականգնել մեր բանակը այն աստիճանի, որ մեր թշնամի հարեւանները կհասկանան, որ մեզ հետ ուժի դիրքից չի կարելի խոսել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանը:

«Ես կուզանայի, որ մենք ամեն ինչ անեինք, որ մեր բանակը դառնար այն, ինչ պետք է երկրին ու մեր ժողովրդին: Ներկայիս դրությամբ ամեն ինչ արվում է, որ բանակը վերականգնվի, բայց իրավիճակն ու ժամանակը շատ բաներ թույլ չեն տալիս, հնարավորությունները դեռ այդքան չկան: Բայց մենք ի վերջո, մեր մեջքը կուղղենք, իսկ դա կլինի նաեւ առաջին հերթին բանակի ուղղումը:

Նապոլեոնն ասում էր՝ այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել սեփական բանակին, կերակրում է ուրիշի բանակին: Մենք բանակի վրա ոչինչ չպետք է ափսոսանք, պետք է մեր ռազմարդյունաբերական պոտենցիալը հզորացնենք: Հայ ժողովուրդը ունի իր ուղեղի պոտենցիալը: Եթե մենք ինքներս մեզ չխանգարենք, ապա շատ արագ կկարողանանք ոտքի կանգնել»,-աասաց նա:

Դիտարկմանը, որ Բանակի 30-ամյակը շուքով չի նշվում, պատգամավորն ասաց. «Որեւէ միտում չկա, վարչապետը հիվանդ է, ստացվել է այսպիսի իրավիճակ: Քիչ առաջ մենք ԱԺ նխագահի եւ փոխվարչապետի ուղեկցությամբ մեր հանգնքի տուրքը մատուցեցինք, կարիք չկա այս հասարակ բաները մանիպուլացնել այսօր: Այո, այսօր մեր բանակի 30-րդ տարեդարձն է, այսօր պետք է հասկանանք՝ մեզնից յուրաքանչյուրն ինչպե՞ս կարող է օգնել, որ մենք շատ արագ վերականգնվենք, մեր երկիրը շատ բանի կարիք ունի: Ցավալիորեն չենք կարողանում երկրի ցավերից խոսել: Գուցե չենք հասել այն մակարդակին, որ ավելի շատ մեր հայրենիքը սիրենք, քան մեր ընտանիքը»:

Հարցին, թե 44-օրյա պատերազմից իչ դասեր ենք քաղել, դա բանակի՞ պարտությունն էր, թե՞ ապաշնորհ կառավարման, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Բանակը չի պարտվել: Այդտեղ բազմաթիվ հանգամանքներ կան, որ ոտքի վրա չի կարելի ասել: Սա մեր բոլորի սխալի հետեւանքով է:  Մեզնից յուրաքանչյուրը իրեն հարց տվե՞լ է, թե այդ 26 տարվա ընթացքում մեզնից յուրաքէանչյուրն ի՞նչ է արել, որ մեր երկիրը չգնա պարտության: Մեր պարտության հիմքերն իրականում դրվել են 1994-ի մայիսին: Մեր պարտությունը նոր չի սկսվել: Սկսվել է այն րոպեից, երբ պատերազմի դաշտում հաղթանակած մարդիկ, կողմը չկարողացավ  քաղաքական այնպիսի օրակարգ բերել, որ թշնամուն ստիպելու պայմանագիր կնքել, եւ զինադադար կնքվեց»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Բանակի 30-ամյակն է, սակայն այն գրեթե չի նշվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել: Նույն վիճակում են նաեւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների մեծ մասը, որոնք բոլորը մասնակցել են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: