Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նշեց, թե սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին. «Բանաձևի ուժով՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով», - նշեց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ասաց, թե գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանին գինն է. «Հիմա կալորիականության հաշվին պոտենցիալ, հնարավոր հավելյալ ծախսը այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ», - մանրամասնեց նա:

Փոխվարչապետի խոսքով՝ բիզնեսի համար պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն. «Բայց ես կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները, բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար, կրկնեմ՝ չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա առնվազն 2022 թվականի համար», - հայտարարեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի տեղեկացմամբ ԵԱՏՄ-ում գազի հարցում միասնական շուկայի կանոնն ուժի մեջ է մտնում 2024 թվականից և քննարկվում է գազի գնի երկու բաղադրիչ՝ ինքնարժեքը և տեղափոխման ծախսերը և վերջինն է բարդ քննարկումների առարկա. «ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա եւ բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր գնում են: Հուսով եմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ», - նշեց Գրիգորյանը: