Ռուանդան հայտարարել է, որ ամսվա վերջին երեք տարի անց կվերաբացի Ուգանդայի հետ իր ցամաքային սահմանը՝ նշանավորելով մեծ առաջընթացը հարեւանների միջեւ կապերը վերականգնելու ջանքերում, հաղորդում է AFP-ն:

Այդ քայլը հաջորդեց անցած շաբաթվա վերջին Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենիի ազդեցիկ որդու՝ Մուխուզի Քայներուգաբայի Կիգալի այցին, որի ընթացքում նա եւ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն խոստացան վերանորոգել հարաբերությունները:

Արեւելյան Աֆրիկայի երկու երկրների միջեւ սահմանը փակվել էր 2019 թվականի փետրվարին, քանի որ քաղաքական լարվածությունը Կիգալիի եւ Կամպալայի միջեւ կտրուկ աճել էր:

Ռուանդայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Կատունայի հիմնական սահմանային անցակետը կվերաբացվի հունվարի 31-ին:

«Ռուանդայի կառավարությունը հավատարիմ է մնում Ռուանդայի եւ Ուգանդայի միջեւ առկա խնդիրների լուծման շարունակական ջանքերին եւ կարծում է, որ այսօրվա հայտարարությունը դրական ներդրում կունենա երկու երկրների միջեւ հարաբերությունների շուտափույթ կարգավորման գործում»,- ասվում է հայտարարության մեջ: