Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով հանդես է եկել, հետեւաբար անլուրջ է նման քննարկումներ իրականացնելը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ՀՀ նախագահի պաշտոնում շրջանառվում է նաեւ իր անունը:

«Նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում: Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ Մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո գլխավոր դատախազ, հիմա ՀՀ նախագահ»,-ասաց նա՝ հավելելով, որ նախագհի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ իրեն չի եղել, չէր էլ կարող լինել:

«Ես վստահ եմ, որ իշխանությունն այս պահին չի էլ քննարկել այդ հարցը: Ինձ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ ինձ պատկերացնեմ, կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է: Ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում, ընտրությունների արդյունքով այսօր խորհրդարանում չենք, բայց դա չի նշանակում, որ չենք ծառայում մեր երկրին: Անպայման պետք է մի պաշտոնի լինենք, որ ծառայե՞նք մեր երկրին: Հիմա ես ավելի շատ արտաքին քաղաքակն հարթակներում եմ ներգրավված, քան ներքաղաքական: Ներքաղաքական չեմ էլ արձագանքում»,-ասաց նա: