ԵՄ երկրները եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցների փաթեթ են մշակում Ռուսաստանի գազային նոր նախագծերի դեմ, որոնք կարող են ակտիվանալ Ուկրաինա ներխուժելու դեպքում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ միջոցները կուղղվեն գազային ոլորտում ռուսական նոր նախագծերի ֆինանսավորման եւ տեխնոլոգիաների մատակարարման կրճատմանը։ Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ միջոցառումների այս փաթեթը լինելու է ավելի մեծ տնտեսական պատժամիջոցների մաս։ Դրանց կոշտության աստիճանը կկարգավորվի՝ կախված «ռուսական հարձակման» մասշտաբից։ 

FT-ն հայտնում է, որ սա առաջին դեպքն է, երբ Եվրոպան հնարավորություն է տալիս հարված հասցնել գազային ոլորտին, որում վառելիքի 40%-ը ստացվում է Ռուսաստանից։

Սակայն նման պատժամիջոցները կարող են վնասել նաեւ արեւմտյան ընկերություններին, այդ թվում՝ BP-ին, Total-ին եւ Shell-ին, գրում է FT-ը՝ հիշեցնելով, որ ֆրանսիական Total-ը, օրինակ, Յամալ թերակղզում խոշորագույն ներդրողներից մեկն է, իսկ անցյալ տարի Shell-ը հնգամյա պայմանագիր է կնքել Գազպրոմի հետ, գրում է ՌԲԿ-ն։