Արեւմտյան երկրները չեն բացառում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժմանը պատասխանելու տարբերակներից որեւէ մեկը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անջատումը բանկային տեղեկատվության միջազգային ձեւաչափով փոխանցման SWIFT համակարգից եւ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ոչինչ չի հանվել օրակարգից», - ասել է ֆոն դեր Լյայենը CNN-ի եթերում:

Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերն է եւ ամենամեծ օտարերկրյա ներդրողը, որը կազմում է Ռուսաստանի արտաքին առեւտրի մոտ 40 տոկոսը։ «Այս թվերը ցույց են տալիս, որ մենք ճնշման ուժեղ գործիք ունենք, եւ որ Ռուսաստանի համար շատ ցավալի կլինի, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիան ուժեղանա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, փոխանցում է DW-ն։

Բացի այդ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորելու փորձերին զուգահեռ ընթանում է նաեւ նախապատրաստությունը հնարավոր վատթարագույն սցենարին։