Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 6–րդ հարկի բնակարաններից մեկում հունվարի 7–ին բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին մահացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Նշենք, որ հունվարի 7-ին, Երեւանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի  6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։ Այրվել էր 6–րդ հարկի բնակարաններից մեկը՝ գույքով եւ 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։

Փրկարարները շենքից տարահանել էին 28 քաղաքացու, բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Կարինե Բաբայանն ասել էր, որ նա շարունակում է մնալ ծայրայեղ ծանր վիճակում, եւ միացվել է արհեստական շնչառության սարքին։ Պացիենտն ուներ 4–րդ աստիճանի այրվածք։

Հիշեցնենք նաեւ, որ հրդեհի հետեւանքով «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նաեւ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել էր բավարար։ Նա օրեր անց դուրս էր գրվել «Մուրացան» հիվանդանոցից։

Երեւանում խոշոր հրդեհի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ