Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման, խաղաղության պայմանագրի առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ունենք Արցախի Հանրապետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է, որի կարգավիճակը որոշված չէ, եւ քանի այդ հարցը լուծված չէ, չենք կարող ունենալ ամբողջական խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Կարելի է քայլեր կատարել թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ առանց նախապայմանների, բանակցությունների միջոցով, բայց հույս տածել խաղաղության դարաշարջանի լոզունքի ներքո, ր մենք կունենանք խաղաղության պայմանագիր առանց Արցախի կարգավիճակի եւ տարածքային մբողջականության վերջնական վճռի, դա պատրանք է: Դա մեզ կբերի ավելի շատ պատերազմի, քան խաղաղության»,-ընդգծեց «Ժառանգության» ղեկավարը:

Նրա խոսքով, Արցախի խնդրի շուրջ բանակցությունները կարող են դանդաղել կամ դադարել, եթե մենք ուզենանք. «Գործող իշխանություններն իրենց հայտարարություններով ոնց որ արտացոլում են այդ դանդաղումը, եւ հուսով եմ, որ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը կարգավիճակի ուղղությամբ իրենց աշխատանքները արագացնելու, ամբողջացնելու ուղղությամբ, բայց Հայաստանն ինքը պետք է դա ունենա: Ինձ թվում է, որ Հայաստանի կողմից նախաձեռնողականություն չկա»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ աննախադեպ համարելով, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում արտացոլում են թշնամու թեզերը:

«Նախկինում երբեք չի եղել, որ պաշտոնյան փոխանակ շտկելու դիվանագիտական իրավիճակը, նախորդների իրական կամ թվացյալ սխալները, ուղղակի ընդունում է դե ֆակտո իրավիճակը եւ կրկնում է ոսոխի եղերական գործողություններն արդարացնող, սխալ, տմարդի հակաիրվական թեզերը: Սա ցավալի իրավիճակ է»,-ընդգծեց նա: