Այս իշխանությունները չեն հասկանում երկրի առաջնահերթությունները, անվտանգությունը, սահմաններում տիրող վիճակը, չեն հասկանում, որ պետք է զբաղվեն գերիներով, իրենց համար ամենակարեւոր խնդիրն է ուռճացնել օրինակ, կենտրոնական ապարատները, ոստիկանականզ որքերը՝ իրենց  աթոռները մայրաքաղաքում ասֆալտի վրա պահելու համար: Այս մասին NEWS.amTALK TIME- եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե այսօր մեր բանակն ունա՞կ է միայնակ իր սահմանները պաշտպանել, նախկին նախարարը պատասխանեց. «Հայաստանը պարտավոր է իր սահմանները պահել: Երբ միշտ ասում են՝ ինչու ՀԱՊԿ-ին չդիմեցինք, ես ասել եմ, որ նույնիսկ ամոթ է, որ քո սահմանների պաշտպանության համար պետք է դիմել ՀԱՊԿ-ին կամ այլ երկրների աջակցությանը: Բայց փաստն այն է, որ ադրբեջանցին որոշ տեղերում մխրճվել է մեր տարածք: ՀՀ իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում, որովհետեւ ինքնուրույն ի վիճակի չեն իրականացնելու, որ ադրբեջանցիներին մեր տարածքներից դուրս շպրտեն»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակի մարտունակության վրա ազդել են երեք գործոններ՝ բանակի քաղաքականացումը, բանակի վրա սեփական PR-ը կազմակերպելը, կադրային եւ կառուցվածքային անլուրջ փոփոխությունները:

Օհանյանը սխալ կադրային քաղաքականության օրինակներ բերեց. «Օրինակ, նշանակում են ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ են նշանակում գեներալ-մայոր Ասրյանին: Երբ Ասրյանը հանդիպում է ունենում եւ փակ ներկայացնում իրավիճակը ԱԺ-ում, հանդգնություն կամ միամտություն է ունենում որոշակի գովասանքի խոսքեր ասել նաեւ իմ հասցեին, որովհետեւ տարիներ ես ղեկավարել եմ այդ կառույցը, ուղիղ մեկ ամիս հետո զինված ուժերի ուղեղը անդամահատում են, գլխավոր օպերատիվ վարչության պետին ազատում են, նշանակում են այլ գեներալ-մայորի պաշտոնի եւ անցել է 4 ամի, այդ վարչության պետը դեռ նշանակված չէ: Սա խոսում է այն մասին, որ անաչառ մոտեցում չկա կադրային քաղաքականության նկատմամբ»:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինչ միջնորդագիր ներկայացրել են, ինքն էլ  ներկայացրել է եւ տվել են հերոսի կոչումները. «Խի դու չունե՞ս  համակարգ, չունե՞ս այն կառույցները, որոնք խորը վերլւծություն կկատարեն: Ի վերջո, այդպես պետք է ասեն՝ ուղեղ չունե՞ք, որ վերլուծեք, գնահատական տաք, թե ինչի համար եք հերոսի կոչում շնորհում: Կամ ինչպես կարելի է հերոսի կոչում շնորհել մարդկանց, որոնք բանակում մի քիչ ծառայել, թողել գնացել են եւ հերոսի կոչումներ են շնորհում: Դրա մեջ էլ են իրենք փորձել իրենց PR-ը կազմակերպել: Դրանով խրախուսման ու կադրային քաղաքականության հիմքերը քայքայել են հիմնահատակ»,-ընդգծեց նա: