Acidiphilium տեսակի բակտերիաները միակ կենդանի էակներն են, որոնք բնակվում են թթվային լճում, որը գտնվում է Կոստա Ռիկայում՝ Փոաս հրաբխի գլխավոր խառնարանում: Այդ վայրը ցույց է տալիս, թե ինչպես կարող է Մարսում կյանք լինել, գրում է RG-ը:

Դա ամենաանբարենպաստ վայրերից է Երկրի վրա կյանքի համար: Դրա ջուրը շատ թթվային է, լի է թունավոր մետաղներով, դրա ջերմաստիճանը տատանվում է միջին ջերմաստիճանից մինչեւ եռացող: Գազային ժայթքումներն առաջացնում են գոլորշու, մոխրի եւ քարերի անսպասելի պայթյուններ: Սակայն այդպիսի միջավայրը, հավանաբար, մի վայր է, որտեղ սկսվել է երկրային կյանքը, ինչպես նաեւ, հնարավոր է, մարսիական կյանքը, եթե այդպիսին երբեւէ գոյություն ունեցել է:

Այսպես, կենսաբանները հայտնաբերել են այդ լճում միկրոօրգանիզմների գեյատեւման միջոցը: 2017 թվականին հետազոտողների թիմն ուսումնասիրել է, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել այդ վայրի մանրէների բազմազանությունում վերջին ժայթքումից հետո: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Astronomy and Space Sciences պարբերականում:

Լճի նմուշառումներում օրգանիզմների ԴՆԹ-ի սեքվենավորման միջոցով թիմը հաստատել է, որ բակտերիաներն ունեն կենսաքիմիական ունակությունների լայն շրջանակ: Դրանք օգնում են միկրոօրգանիզմներին ապրել էքստրեմալ եւ դինամիկ պայմաններում: Բակտերիաները կարող են ստեղծել էներգիա ծծմբի, երկաթի, մկնդեղի, ածխածնի ֆիքսացիայի, պարզ եւ բարդ շաքարների օգտագործմամբ: Դա ավելին է, քան գիտնականները ենթադրել են տեսնել: Հավանաբար, այդպիսի հարուստ ամբողջությունը հենց բանալին է դրանց գոյության գաղտնիքը բացահայտելու համար: Հետազոտողներն անվանել են տրամաբանական այն, որ հենց այդկերպ է կյանքն ադապտացվել էքստրեմալ պայմաններին:

Չնայած մահացու միջավայրին՝ հիդրոթերմալ համակարգերն ապահովում են կյանքի էվոլյուցիայի համար առանցքային բաղադրիչների մեծամասնությունը՝ ներառյալ ջերմությունը, ջուրն ու էներգիան: Մարսի վրա կյանքի նախորդ փնտրտուքները կենտրոնացել են լճերում եւ գետերում, սակայն հետազոտողները պնդում են, որ պետք է ուշադրություն հատկացնել վայրերին, որտեղ նախկինում միլիարդավոր տարիների ընթացքում գտնվել են տաք աղբյուրներ: Նրանց խոսքով՝ կան մի քանի լավ նպատակներ Ջեզերո խառնարանի եզրին, որտեղ ներկայում գտնվում է Perseverance մարսագնացը: