Նա իր ազգի նվիրյալ զավակն էր, ազգը, հողն ու ջուրն իր համար առաջնային էր, հետո նոր՝ ընտանիքը, նրա համար Հայաստանն ու Արցախը լրիվ ուրիշ աշխարհ էին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես էր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լեգենդար հրամանատար, գնդապետ Իվան Մեհրաբյանին նկարագրում նրա դուստրը։

«Ինքն իր ողջ կյանքը՝ 30 տարի, նվիրել է բանակին։ Իր մասին բոլորն էլ գիտեն՝ որպես դրական մարդու եւ հրամանատարի։ Ցավալի է իր մասին խոսել, որովհետեւ արած ամեն մի քայլը սխրագործություն էր։ Բանակի օրն իր համար գերագույն հաճույք էր, մեր տանը տոն էր՝ բոլորն էին գալիս նրան շնորհավորելու, օրն առավոտից քեֆ-ուրախությամբ էր սկսվում։ Մինչեւ մեկ տարի առաջ հաղթանակած բանակի օր էինք նշում»,- պատմում է լեգենդար հրամանատարի դուստրը։