Աշխարհում չկա որեւէ երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ. Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադրբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ընդունում նաեւ, որ ունի ռազմագերիներ, նա նրանց համարում է ահաբեկիչներ»,- նշեց Իշխանյանը։

Անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման տոնը ՊՆ-ի եւ ԳՇ-ի կողմից չշնորհավորելուն, ինչպես նաեւ պետական մակարդակով միջոցառում չկազմակերպելուն՝ Իշխանյանն ասաց. «Նրանք իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, նաեւ իրավունք չունեն այդ մասին խոսելու, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել մեզ եւ հայոց բանակին՝ իրենց ապիկար կառավարման պատճառով։ Եթե ես լինեի զինվորական, նրանց որեւէ շնորհավորական կլիներ ինձ համար վիրավորական։ Պատիվ ունեցող զինվորականի համար պետք է վիրավորական լինի նրանց խոսքը։ Նրանք որեւէ ցավ չեն զգում զոհվածների համար»։

Հարցին՝ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելն արդյոք ազատ խոսքը ճնշելու փո՞րձ է, Ավետիք Իշխանյանն ասաց. «Վարչապետ կոչեցյալը կարողացել է հպատակեցնել բոլոր պաշտոնյաներին, որոնք պատից կախում են նրա նկարը եւ աղոթում։ Նրա նպատակը ողջ հասարակությանը ստրկացնելն է»։