Ցավոք, Հայաստանի ժուռնալիստների միությունը, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դադարել էր գործել որպես ինքնուրույն միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Ժուռնալիստներ միության հերթական համագումարին ասաց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Ըստ նրա՝ երկրում այդ փոփոխությունները դարձան շատ արժեքների, վերաբերմունքի, սկզբունքների  փոփոխության պատճառ. «Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր։ Ցավոք, միախառնվեցին լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարեցրեց ԶԼՄ-ների, լրագրողների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ժուռնալիստների միության աշխատանքը»։

Սեյրանյանը նշեց, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը կարողացել է կառուցողական համագործակցություն ծավալել Լրագրողների միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների, Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ԱՊՀ մի շարք  երկրների միությունների հետ։

«Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարեւոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում»,- ասաց նա։

Նա նշեց նաեւ, որ ապրում ենք ժամանակներում, որը կարելի է նկարագրել ձեւով՝ ժողովրդավարական,  բովանդակությամբ՝ ավտորտիտար։

Միության նախագահի խոսքով՝ մամուլը չափազանց քաղաքականացված է, ինչը բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, պետության  կյանքում տեղի ունեցող հանրային ու կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա. «Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի  կենսունակ կանոնների առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ»։