20-ամյա Ռաֆայել Նիկողոսյանը Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի զինծառայող էր, երբ կռիվը սկսվեց։ 

NEWS.am –ի հետ զրույցում Ռաֆայելը պատմեց, որ մարտական հատուկ առաջադրանքներով պատերազմի 44 օրերի ընթացքում թեժ մի կետից մյուսն է գնացել՝ Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, եւ վերջում՝ Շուշի։

Հետախույզ դառնալու նպատակով պատերազմից ընդամենը 9 օր առաջ էր Ռաֆայելը համալրել  Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակը։   Պատերազմից հետո գումարտակը ցրվել է, Ռաֆայելը շարունակել է ծառայել՝ հրաձգային գումարտակում պահելով Արցախի նոր առաջնագիծը։ Նրա հետ ծառայությունը շարունակել է գումարտակի ժամկետայինների մոտ 1/3-ը՝ նրանք, ովքեր պատերազմում չէին զոհվել կամ վիրավորվել։ Դրանից հետո զորքը նոր՝ Հայաստանից գնացած զինծառայողներով չի համալրվել։ 

Արցախը պահող վերջին հայաստանցի ժամկետայինները  կզորացրվեն այս ամառ։ Ռաֆայելը մոտ մեկ շաբաթ առաջ է ծառայությունից  վերադարձել։

Ռաֆայելի վերադարձի երկու տարի սպասած՝ ընտանիքի անդամները նրա լուսանկարներով են զարդարել հյուրասենյակի պատը։ Դրանցում նաեւ Ռաֆայելի զոհված ընկերներն են։

Մարտերին Ռաֆայելի մասնակցության մասին մայրը պատերազմի վերջին օրն է իմացել, երբ պատահաբար համացանցում տարածված տեսանյութում ճանաչել է որդու ժպիտը։

Մանրամասները` տեսանյութում: