Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Հայաստանում մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Այսպիսի մեկնաբանություն է ԱՄՆ դեսպանատունը տվել ի պատասխան  Հակաստանում խոսքի ազատությունը սահմանափակող եւ լրագրողներին թիրախավորելու վերջերս ձևավորված մշակույթի վերաբերյալ NEWS.am-ի հարցերին: 

Թեեւ NEWS.am-ը դեսպանատանն առանձին հարցերով խնդրել էր անդրադառնալ իրավապաշտպանների կողմից բացասական գնահատականի արժանացած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի նոր դրույթին եւ իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ խորհրդարանի ամբիոնից լրագրողներին վիրավորելու դեպքին դեսպանատունն այս թեմաների շուրջ տվել է մեկ ընդհանուր մեկնաբանություն։ 
«Ազատ խոսքը հիմնարար իրավունք է և, չնայած միտումնավոր ապատեղեկատվության ու անվտանգության օրինաչափ մտահոգություններին, մարդիկ պետք է ազատ լինեն քննադատել կառավարությանը՝ առանց հաշվեհարդարի վախի։ Ազատ մամուլը լավ գործող ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է։ Մենք հանձնառու ենք աջակցել ժողովրդավարության սկզբունքների, այդ թվում ազատ արտահայտվելու ապահովմանն ուղղված Հայաստանի քաղաքացիների ջանքերին»,- ասվում է դեսպանատան գրավոր պատասխանում։ 

Մեր հարցմանը՝ արդյոք ՏԻՄ ընտրությունների հետընտրական շրջանի զարգացումները եւ իշխող ուժի նկատմամբ հաղթանակ տարած որոշ ընդդիմադիր ուժերի ղեկավարների  նկատմամբ քրեական հետապնդումները չեն սպառնում Հայաստանի ժողովրդավարությանը, դեսպանատությունը պատասխանել է, որ կառույցը նախկինում նշել է  ընդդիմադիր թեկնածուների դեմ ճնշումների մասին արձանագրումների մասին՝ քաջալերելով արժանահավատ հաղորդումների քննությունը իշխանությունների կողմից։ Միեւյնուն ժամանակ, դեսպանություն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքների բազմազանությունն ընդգծել է ընտրությունների մրցակցային բնույթը։ 

«Դեկտեմբերի մեր հայտարարությամբ մենք գովեստով արտահայտվեցինք հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններում Հայաստանի քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման ուղեգծին նրանց ցուցաբերած շարունակական հանձնառության վերաբերյալ։ Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության կենսունակությունը և տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած նշանակալի առաջընթացը։ Ջանալով կատարելագործել ժողովրդավարությունը նաև մեզ մոտ՝ մենք ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին»,– ասված է դեսպանության պատասխանում։ 

Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի դրույթը, որով արդեն 260 քրեական գործ է հարուցվել։ Հեղինակավար միջազգային կազմակերպությունը արձանագրել է, որ այդ գործերը խոսում են Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և բացասական ազդում խոսքի ազատ արտահայտման վրա:
Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վարկաբեկող հրապարակումների անող լրագրողներին, նրանց անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։