Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Սա արդեն երկրորդ անգամն է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին գաղտնի Վրաստան ժամանելուն պես կալանավորվելուց հետո հետո, երբ Սաակաշվիլին, որպես բողոքի նշան, հացադուլ է հայտարարում բանտում, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առաջին հացադուլը տեւեց 50 օր։

«Այսօրվանից լիարժեք ծավալով անժամկետ հացադուլ եմ հայտարարում։ Այս հացադուլն արձագանք է ռեժիմի վերաբերմունքին իմ եւ իմ ժողովրդի, մեր ժողովրդի հանդեպ։ Այստեղ իմ առողջությունը վերջին տեղում է: Թող բոլորը տեսնեն, թե ինչ է նշանակում սիրել հայրենիքը։ Թող բոլորը տեսնեն, թե ինչ է նշանակում երկիրն անձնական հարմարավետությունից եւ ամեն ինչից վեր դասելու հավակնությունը։ Միայն հիմարները կարող են հավատալ նրան, ինչում ինձ մեղադրում են։ Պիջակների գործից, համաներման գործից սկսած եւ այլն»,- ասել է Սաակաշվիլին այսօր քաղաքային դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։

Նա կրկնել է հացադուլի իր միակ պահանջը՝ բուժօգնության ապահովումը բանտում:

«Իմ պահանջն է պատշաճ բուժօգնության ապահովումը, որը պահանջում է Հանրային պաշտպանին կից խորհուրդը եւ «Էմպաթիա» կենտրոնը։ Վստահ եմ, որ եթե միջազգային փորձագետներ գային, նույն բանը կասեին։ Սա կոնկրետ պահանջ է։

Դա չի նշանակում, որ պետք է ինձ մոտ թողնեն հերթական դժբախտ, ահաբեկված բժշկին, ում ամուսնուն կազատեն աշխատանքից, կամ երեխային դուրս կթողնեն ինստիտուտից, կամ զանազան այլ հնարքների կդիմեն, որոնք ես արդեն յուրացրել եմ այս մաֆիոզ համակարգում. նրանց այլեւս չի հաջողվի անել դա»,- ասել է Սաակաշվիլին։