Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է անվանել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։

«Մենք  ճգնաժամի սկզբից եւեթ անկեղծորեն ձգտում էինք թուլացնել լարվածությունը։ Վերջին իրադարձությունների առիթով մեր ԱԳՆ հայտարարությունում նշվել էր, որ այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչման Ռուսաստանի որոշումը հակասում է Մինսկյան համաձայնագրերին։ Ընգծվել էր, որ այդ որոշումը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Ռուսաստանի այս որոշումը համարում ենք անընդունելի։ Նորից դիմում ենք կողմերին՝ առողջ բանականությունը եւ միջազգային իրավունքը հարգելու կոչով»,- աֆրիկյան շրջագայությունից վերադառնալիս, ինքնաթիռում ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին։ Հարցազրույցը երեքշաբթի հրապարակել է CNN Turk հեռուստաալիքը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան դրական մոտեցում է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ գումարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ Ուկրաինայի, Գերմանիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ։

«Եթե առաջարկն իրականացվի, ապա մենք, իհարկե, կմասնակցենք դրան։ Պարոն Զելենսկու առաջարկը դրական մոտեցում է։ Եթե ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները եւ այլ երկրներ համաձայնեն նրա հետ, ապա մենք կմասնակցենք այդ նիստին»,- ասել է Թուրքիայի նախագահը։