Հայաստանի բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի 2010թ. տվյալներով`  Սեւան լճի ավազանում գտնվող Մասրիկ, Սոտք, Արգիճի, Գավառագետ գետերում նկատվում է վանադիումի, քրոմի, եւ որոշ դեպքերում` նիկելի սահմանային թույլատրելի նորմերի գերազանցում: Սա հիմնականում հետեւանք է ասֆալտի արտադրամասերի եւ լցակայանների արտանետումների:

Սակայն, ըստ «Էկոլուրի», կան նաեւ հասարակությունից գաղտնի պահվող տվյալներ: Այսպես` Մասրիկ եւ Սոտք գետերում ծանր մետաղներով աղտոտումը դրսեւորվում է ոչ այնքան ջրում, որքան գետերի նստվածքում: Ընդ որում` այդ գետերի հատակի նստվածքը պարունակում է ծանր մետաղների այն նույն փունջը, որն առկա է նաեւ Սոտքի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում: Իրականանում են երկրաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի կանխատեսումները, ով նախազգուշացնում էր, որ հանքի լցակույտերը կվարակեն տարածքը, գետերի ջուրը, իսկ նրանց միջոցով` Սեւանը:

Խորհրդային ժամանակաշրջանում Սոտքի ոսկու հանքավայրը շահագործվում էր եւ բաց, եւ փակ եղանակով, ընդ որում, բաց շահագործման ծավալները սահմանափակ էին: Այժմ Սոտքի հանքավայրը շահագործվում է միայն բաց եղանակով: «GeoProMining Gold» ընկերության ղեկավարները պնդում են, որ այդ եղանակը հարկադրաբար է կիրառվում, քանի որ հանքում ոսկու պարունակությունը քիչ է: Սոտքի հանքավայրում բացի ոսկուց եւ արծաթից կա մկնդեղ, ծարիր, վանադիում, կադմիում եւ շատ ուրիշ այլ տարրեր` ներառյալ ուրան, տելլուր եւ ռադոն: Այդ մետաղները լցակույտերի տեսքով թափվում են շրջակա միջավայրում: Չի բացառվում, որ այդ տեղանքում եւս մեկ ֆաբրիկա կառուցվի` լցակույտերը լվալու եւ թանկարժեք մետաղները կորզելու համար: Սակայն այդ դեպքում Սոտք եւ Մասրիկ գետերը կանհետանան: