Ճանապարհի անմատչելիության պատճառով (այն բանի հետեւանքով, որ Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ հանձնվել են Ադրբեջանին- խմբ.) չի հաջողվել հասնել Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության աճի այն ցուցանիշներին, որոնք ակնկալվում էին։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ 2021թ., 2020թ. համեմատ, աճը կազմել է 25 տոկոս, իսկ ընդհանուր ցուցանիշը հասցվել է 500 մլն դոլարի, եւ աճի տրաեկտորիան մինչեւ ճանապարհի փակումը ավելի լուրջ աճի հույս էր ներշնչում, ինչին չհաջողվեց հասնել ծագած խնդիրների պատճառով։

Քերոբյանը նշել է, որ կառավարությունը Սյունիքի մարզում իրականացնում է բազմաթիվ ճանապարհաշինական նախագծեր, այդ թվում հայտարարվել է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության նախաորակավորման մրցույթ։ «Առաջիկա 70 օրում մենք հայտեր կստանանք խոշոր շինարարական ընկերություններից, որոնք կարող են իրականացնել մոտ 1 մլրդ դոլարի նման մասշտաբային ծրագիրը»,- ավելացրել է նախարարը։

Նա նշել է, որ չգիտի՝ կան արդյոք խնդիրներ Իրանից Հայաստան վառելիքի ներկրման հետ կապված, թե ոչ։ «Եթե նման խնդիր լիներ, ես կիմանայի։ Կարող եմ ճշտել։ Խնդրում եմ ինձ գրավոր հարցապնդում ուղարկել։ Հայաստանում կան վառելիքի 3-4 խոշոր ներկրողներ, եւ այդ իմաստով հազիվ թե լուրջ փոփոխություններ տեղի ունենան»,- ասել է Վահան Քերոբյանը։