Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են վերադարձնել խորհրդարանական ժողովրդավարությունը եւ հրաժարվել նախագահական համակարգից, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանել էր երեք տարի առաջ, հաղորդում Է AP-ն։

Անկարայում կայացած արարողության ժամանակ կուսակցությունների առաջնորդներն իրենց ստորագրությունն են դրել 48-էջանոց հռչակագրի տակ, որը հաստատում է «ուժեղացված խորհրդարանական համակարգ» կիրառելու  նրանց վճռականությունը՝ ընտրություններում հաղթանակի դեպքում, որոնք պլանավորված են 2023 թ․-ի հունիսին։

Էրդողանը, որն իշխանության ղեկին է 2003 թ․-ից՝ սկզբում որպես վարչապետ, իսկ 2014-ից՝ որպես նախագահ, 2018 թ․-ին նախագահական համակարգ է մտցրել, որը վերացրել է վարչապետի պաշտոնը եւ  լիազորությունների մեծ մասը կենտրոնացրել նախագահի ձեռքում։ Մինչ այդ նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային էր։

Ընդդիմությունը Թուրքիայի դժբախտությունների, այդ թվում ՝ տնտեսական անկման և իրավունքների ու ազատությունների քայքայման  համար մեղքը բարդում է Էրդողանի համակարգի վրա, որը, նրանց խոսքով, հավասարազոր է  «միանձնյա կառավարմանը»։

Վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջարկած նոր համակարգը կվերականգնի վարչապետի պաշտոնը եւ զգալիորեն կվերականգնի նախագահի խորհրդանշական լիազորությունները, հայտարարել են կուսակցությունների ներկայացուցիչները արարողության ժամանակ։

Այն նախատեսում է իշխանությունների ավելի մեծ բաժանում, ներառյալ խորհրդարանի օրենսդրական եւ վերահսկողական դերի ուժեղացում, ինչպես նաեւ անկախ դատական համակարգ: Այն խոստանում է  նաեւ իրավունքների եւ ազատությունների թափանցիկությունն ու ընդլայնումը, ներառյալ կանանց իրավունքները։

Հռչակագիրը ստորագրել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ազգայնական «Լավ կուսակցության» ղեկավար Մերալ Աքսեները, պահպանողական Երջանկության կուսակցությունից Թեմել Քարամոլլաօղլուն, Դեմոկրատական կուսակցությունից Գյուլթեքին Ույսալը, ժողովրդավարության եւ առաջընթացի կուսակցությունից Ալի Բաբաջանը, «Ապագա»  կուսակցությունից Ահմեդ Դավութօղլուն: