Որոշ ռուսական ռազմանավերի անցումը իր ջրերով  դեպի Սեւ ծով արգելափակելու մասին Թուրքիայի խոստումը  կարող է օգնել նրան ՆԱՏՕ-ում իր կապերը վերականգնելուն, գրում է Reuters-ը։

Մեկնմանը սպասող ռուսական նավերի կուտակումը մոտ օրերս կստուգի Անկարայի վճռականությունը եւ ցույց կտա, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ՝ փոխելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ իր բացառապես նուրբ դիվանագիտական հավասարակշռությունը։

Թուրքիան փոխել է իր հռետորաբանությունը՝ կիրակի օրը Մոսկվայի հարձակումը Ուկրաինայի վրա «պատերազմ»  անվանելով․ դա  քայլ է, որն Անկարային թույլ կտա օգտագործել միջազգային պակտի մասերը՝ Միջերկրական ծովից Սեւ ծով ռուսական որոշ ռազմանավերի տարանցումը սահմանափակելու համար։

Դա կարող է սահմանափակել Մոսկվայի՝ իր ռազմածովային ուժերն Ուկրաինայի Սեւ ծովի ափին հարձակվելու ունակությունը, թեեւ ամեն ինչ կախված է 1936 թ․-ի Մոնտրյոյի կոնվենցիայում մանր տպատառից։ Այս պակտը թույլ է տալիս Թուրքիային  պատերազմի ժամանակ սահմանափակել  ծովով տարանցումը Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցներով, սակայն պարունակում է մի դրույթ, որի համաձայն նավերը կարող են ռազմակայան վերադառնալ։

Առնվազն չորս ռուսական նավ ներկայումս սպասում է  Միջերկրական ծովից դուրս գալու Թուրքիայի որոշմանը, ասել է աշխարհաքաղաքական վերլուծաբան եւ Ստամբուլում տեղակայված Bosphorus Observer խորհրդատվական ընկերության ղեկավար Յորուկ Իսիկը։ Իսիկի եւ բարձրաստիճան թուրք պաշտոնյայի խոսքով՝ նրանցից երկուսը՝ ֆրեգատը եւ Էսկադրային ականակիրը, պաշտոնապես խնդրել են իրենց թույլ տալ մեկնել արդեն այս շաբաթ:

«Դա պատերազմ անվանելը շատ մեծ քայլ է։ Անկարան չէր ցանկանում գնալ այդ քայլին եւ  իր ձեւակերպմամբ Մոսկվային տալիս է ագրեսիան կասեցնելու վերջին հնարավորությունը»,- ասել է Իսիկը Reuters գործակալությանը:

Խաղադրույքները բարձր են Թուրքիայի համար, որը ծովային սահմաններ եւ լավ կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

Արեւմուտքի ուղղությամբ վճռական տեղաշարժը կարող է ամրապնդել ՆԱՏՕ-ում նրա դրությունը այն բանից հետո, երբ Թուրքիայի կողմից 2019 թ․-ին ռուսական Ս-400 հրթիռների գնումը փչացրեց հարաբերությունները եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ դարձավ։

Այնուամենայնիվ, ցանկացած չափազանց հեռուն գնացող քայլ կարող է վնաս հասցնել Թուրքիայի տնտեսությանը, որն առանց այդ էլ տուժել է դեկտեմբերին տեղի ունեցած արժութային ճգնաժամից եւ ինֆլյացիոն պարույրից։

Ռուսական բնական գազը կազմում է թուրքական ներմուծման 45 տոկոսը, իսկ ռուսաստանցիները կազմում են զբոսաշրջիկների 20 տոկոսը։

GlobalSource Partners-ի ներկայացուցիչ  Աթիլա Եսիլադան ասել է, որ հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը «գրեթե անկասկած կհանգեցնի Ռուսաստանի զայրույթին», եւ որ դա կերեւա թուրքական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արգելքների կամ Սիրիայում սադրանքների տեսքով։

Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Թուրքիայի կառավարությունը պլանավորում էր քայլեր ձեռնարկել տնտեսության խթանման ուղղությամբ, երբ հակամարտության հետեւանքները «օրեցօր ավելի ու ավելի են զգացվում»: Անցած շաբաթ լիրան կարճ ժամանակով ընկել է 5 տոկոսով՝ Ռուսաստանի կողմից հատուկ գործողության սկսվելուց հետո։

Մինչդեռ  թուրք քաղաքական գործիչները զուսպ հռետորաբանություն են դրսեւորում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի մոտեցումը, այդ թվում ՝ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաեւ կտրուկ տոն է ընդունել Ռուսաստանի նկատմամբ՝ ներխուժումը համարելով «անընդունելի» եւ «ծանր հարված»  տարածաշրջանային անվտանգությանը։

Ռուսաստանի հետ սերտ կապեր հաստատելով էներգետիկայի եւ պաշտպանության ոլորտում՝ Անկարան անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային եւ համատեղ արտադրության մասին  համաձայնագիր ստորագրել, ինչով զայրացրել է Մոսկվային։

ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ռուս եւ ուկրաինացի գործընկերներին կոչ է արել դադարեցնել կրակը եւ բանակցություններ վարել, որոնք Էրդողանն առաջարկել է անցկացնել Թուրքիայում։

Չավուշօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Սեւ ծովի ռազմակայան վերադարձող նավերին  կթույլատրվի անցումը եւ գնահատումը կիրականացվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։