Ռուսական ՏՏ ընկերությունների աշխատակիցները կկարողանան հիփոթեքի արտոնություններ եւ բանակից տարկետում ստանալ։ Այս եւ այլ միջոցներ կկիրառվեն հայրենական ՏՏ ոլորտին աջակցելու համար, կառավարության նիստում ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «Парламентская газета»-ն։

Նրա խոսքով, հայրենական ՏՏ ընկերությունները երեք տարով կազատվեն եկամտահարկի վճարումից եւ կարգավորող մարմինների ստուգումներից, ինչպես նաեւ նրանց կտրամադրվեն արտոնյալ վարկեր՝ մինչեւ 3 տոկոս տոկոսադրույքով։

«Կառավարությունը նաեւ նման ընկերությունների աշխատակիցներին հնարավորություն կտա արտոնյալ հիփոթեք ձեւակերպել, իսկ մասնագետները մինչեւ 27 տարեկանը լրանալը զինվորական ծառայությունից տարկետում կստանան ռուսական ՏՏ ընկերություններում աշխատանքի ընթացքում»,- ասել է Միշուստինը։

Հարկային արտոնությունները կտարածվեն բջջային հավելվածներ մշակողների եւ այն կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում, տեղադրում եւ փորձարկում են հայրենական լուծումներ: Նման լուծումների մշակման դրամաշնորհային ծրագիրը կընդլայնվի։

Թվային զարգացման նախարարությանը հանձնարարվել է օպերատիվ կերպով նախապատրաստել աջակցության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով կառավարությանը հանձնարարել է համապատասխան միջոցներ ապահովել։