Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 13 մլն դրամ գումար հատկացնել՝ Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Առաջարկվող նախագծով ուզում ենք Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, երկաթգծի նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել, որպեսզի այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն, ուսումնասիրության արդյունքով հստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրենք և տեխնիկական առաջադրանքները կանենք,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այդ հատվածներում կուսումնասիրվեն թունելները, սրահները, կայարանները, հատումների որոշակի հատվածները, ոռոգման խողովակաշարերը, որոնց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա և մասնագիտական խումբ է գործուղվում այնտեղ:

Ըստ Սանոսյանի՝ խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից և  «Հարավկովկասյան երկաթուղու» 2 աշխատակցից:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսպիսով մենք թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին: Ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որ նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»: Վարչապետը հավելեց, որ այդ ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր այն կառույցները, որոնք հետագայում խանգարելու են այդ շինարարությանը եւ վերաբնակեցման խնդիր կարող է առաջանալ, կգույքագրվեն: