Արցախում երկու օր է՝ գազ չկա եւ վնասված գազատարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում. ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները։

«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության եւ վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները հիմնականում վարում են  ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի ներկայացուցիչները, հուսով ենք, որ առաջիկայում հնարավորություն կլինի կազմակերպել վերականգնողական աշխտանքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում. դպրոցները, պետական կառույցները,  հիվանդանոցները, հացի արտադրամասերը եւ այլ հաստատություններ զրկված են գազից։

«Չեմ կարող ասել, թե հացի դեֆիցիտ կա, բայց ահազանգեր ենք ստացել, որ հացի արտադրամասերի մի մասը չի կարող իր գործունեությունը պատշաճ կազմակերպել։ Նաեւ ավտոմեքենաների, տաքսի ծառայությունների լիցքավորման խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ սահմանափակվել է մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոցը հոգալու իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ադրբեջանի այս քայլը իրավունքների լայնածավալ խախտումների է հանգեցրել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ գազով աշխատող հաստատություններն անցել են ջեռուցման այլընտրանքային տարբերակների։ Դասապրոցեսները չեն ընդհատվել։ 

«Արցախում ցուրտ է, իսկ ջեռուցումը՝ խիստ անհրաժեշտ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 

Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել․ ՄԻՊ